1. Նախաբան և Հիմնախնդիրների Սահմանում
Հայաստանի մակրոմիցետների (խոշոր պտղամարմին ունեցող սնկերի) անվանացանկը ներկայումս գտնվում է տարերային վիճակում։ Ի տարբերություն բուսաբանության, որն ունի դարավոր տերմինաբանական ավանդույթ, սնկաբանությունը Հայաստանում տառապում է «մշակութային վակուումի» և «լեզվական գաղութացման» հետևանքներից։
Առկա բառապաշարային քաոսը պայմանավորված է հետևյալ գործոններով.
- Էթնոմիկոլոգիական խզում. Սնկակերության (mycophagy) ավանդական մշակույթի բացակայությունը հանգեցրել է նրան, որ հայերենը չի ձևավորել բնիկ սնկանունների զգալի շերտ։
- Լեզվական պատճենում (Calquing). Ռուսերեն անվանումների անքննադատ, մեխանիկական թարգմանությունը, որը հաճախ հակասում է լատիներեն բնագրի իմաստին և հայերենի լեզվամտածողությանը։
- Էկոլոգիական դիսոնանս. Տերմիններ, որոնք արտացոլում են հյուսիսային անտառների իրողությունները և կիրառելի չեն Հայկական լեռնաշխարհի սպեցիֆիկ էկոհամակարգերի համար։
2. Անվանակոչման Գիտական Սկզբունքները
Սույն ուղեցույցը սահմանում է յոթ հիմնարար սկզբունք, որոնք պարտադիր են նոր եզրույթների մշակման և հների վերանայման համար։
I. Բնիկ Ժառանգության Գերակայություն
Հայերենի բարբառներում կամ միջնադարյան բժշկարաններում պահպանված յուրաքանչյուր սնկանուն համարվում է «Ոսկե ֆոնդ»։ Դրանք այնքան քիչ են, որ ենթակա են առաջնահերթ վերականգնման՝ գիտական ճշգրիտ նույնականացումից հետո։
II. Տաքսոնոմիական Աստիճանակարգում
Անվանակոչումը պետք է հետևի գիտական դասակարգմանը. նախ հաստատվում է Ցեղի (Genus) անունը, ապա՝ Տեսակի (Species) մակդիրը։ Սա թույլ է տալիս խուսափել տերմինաբանական ցրվածությունից և ստեղծել համակարգված բառարան։
III. Գիտական Ինքնաբավություն (Լատիներենի Առաջնայնություն)
Որպես ելակետային հիմք ընդունվում է բացառապես միջազգային լատիներեն անվանումը։ Միջնորդ լեզուների (հատկապես ռուսերենի) ազդեցությունը պետք է չեզոքացվի՝ վերադառնալով սնկի լատիներեն ստուգաբանությանը (etymology)։
IV. Տերմինաբանական Համահունչություն
Սնկանունների կազմությունը պետք է հետևի հայերենի բուսանունների կազմության պատմականորեն հաստատված տաքսոնոմիական կաղապարներին։ Սա ապահովում է նորաստեղծ բառերի օրգանական ինտեգրումը գիտական խոսույթի մեջ։
V. Էկոլոգիական և Մորֆոլոգիական Իրատեսություն
Անվանումը պետք է արտացոլի սնկի արտաքին հատկանիշները (ձև, գույն, հոտ) կամ այն միջավայրը, որտեղ այն իրականում աճում է Հայաստանում։
Օրինակ՝ մերժվում է «կեչասունկ» եզրույթը, եթե տվյալ սունկը մեր բնաշխարհում աճում է կաղնու կամ բոխու հետ:
VI. Սոցիալական և Անվտանգային Գործոն
Մասսայական սպառում ունեցող կամ մահացու թունավոր սնկերի անվանումները կարող են կրել հստակ հոգեբանական ազդակներ՝ զգուշավորություն կամ վստահություն ներշնչելով սպառողին։
VII. Իմաստաբանական Վերակառուցման Ազատություն
Այն դեպքերում, երբ լատիներեն անվանումը հայերենի համար անթարգմանելի է կամ տեխնիկական թարգմանությամբ հնչում է անբնական, կիրառվում է ստեղծագործական հորինվածքի սկզբունքը՝ հիմնվելով սնկի էության և ամբողջական ընկալման վրա։
3. Մորֆոլոգիական բաղադրիչները որպես տերմինակազմության հիմքեր
Սնկանունների կազմության գործում որպես բառակազմական միավորներ հանդես են գալիս սնկի պտղամարմնի հիմնական կառուցվածքային մասերը։ Հայերենի բարդացման հնարավորությունները թույլ են տալիս սնկի ձևաբանական հատկանիշը դարձնել կոմպակտ և իմաստակիր արմատ։
1. Գլխարկ (Pileus)
Սնկի ամենաբնորոշ մասն է։ Անվանակոչման մեջ կիրառվում են հետևյալ արմատներն ու հոմանիշները.
- Արմատներ.
-գլուխ,-գլխարկ,-գմբեթ,-ականջ, ձագար, գավաթ, թամբ։ - Կիրառում. Լատիներեն -ceps կամ pileatus վերջավորությունների համարժեքն է (օր.՝ Սևագլուխ, Կոնագլխարկ)։
2. Ոտիկ (Stipe)
Ոտիկի ձևը, բարձրությունը և հյուսվածքը կարևոր տաքսոնոմիական նշաններ են։
- Արմատներ.
-ոտ,-ոտիկ,-սյուն,-կոթ։ - Կիրառում. Լատիներեն -pes կամ -stipitatus ձևերի համար (օր.՝ Հաստոտիկ, Երկարոտուկ, Կորակոթ)։
3. Սպորակիր շերտ (Hymenium)
Գլխարկի ստորին հատվածը, որի կառուցվածքը որոշիչ է ցեղի նույնականացման համար։
- Արմատներ.
- Թիթեղների համար՝
-թերթ,-թիթեղ(օր.՝ Նրբաթերթ)։ - Խողովակների համար՝
-մաղ,-ձագար,-ածակոտի(օր.՝ Մաղասունկ)։ - Փշերի համար՝
փուշ, ատամ (օր.՝ Փշուկ)։
- Թիթեղների համար՝
4. Օղակ և Շրջազգեստ (Annulus)
Ոտիկի վրա ծածկոցի մասնակի մնացորդներն են։
- Արմատներ.
օղակ,գոտի,շրջազգեստ,թև, բազպան։ - Կիրառում. Պատկերավոր և դիպուկ անվանումների համար (օր.՝ Օղակակիր, բազպանակիր, Ոսկեգոտի)։
5. Պատյան և Պարկ (Volva)
Պտղամարմնի հիմքում գտնվող ընդհանուր ծածկոցի մնացորդները։
- Արմատներ.
-պարկ,-պատյան,-բաժակ։ - Կիրառում. Տեսակի բնորոշ աճելակերպը շեշտելու համար (օր.՝ Պարկակիր, Պատյանավոր)։
6. Մակերեսի հյուսվածք և ծածկույթ
- Արմատներ.
-թեփուկ,-թավիշ,-լորձ,-մազիկ։ - Կիրառում. Զգայական և տեսողական նույնականացման համար (օր.՝ Թեփուկուկ, Թավշոտ, Լորձնուկ)։
7. Աճելավայրի և սուբստրատի բնութագրիչներ
Անվանակոչման մեջ արտացոլվում է այն միջավայրը կամ սննդառության աղբյուրը (սուբստրատը), որի վրա զարգանում է պտղամարմինը։
- Արմատներ և ածանցներ.
-բնակ,-սեր,-մերձ,-ծին,-աճ։ - Բաղադրիչներ ըստ էկոլոգիական խմբերի.
- Փայտային.
-փայտ,-բուն,-կոճղ(օր.՝ Գերանաբնակ, Կոճղասունկ)։ - Հողային.
-գետին,-հող, (օր.՝ Գետնասունկ, Հողաբնակ)։ - Խոտային.
-խոտ,-մարգ, -արոտ,-ադաշտ(օր.՝ Արոտասունկ)։ - Գոմաղբային.
-աղբ,-գոմաղբ, -թրիք, կոյ, կվ, կղի (օր.՝ Աղբասեր)։ - Ծառային (սիմբիոտիկ).
-մերձ,-կից,-տակ, -սեր (օր.՝ Կաղնեսեր)։
- Փայտային.
Սկզբունքի կիրառումը.
Այս արմատների և հոմանիշային շարքերի կիրառումը թույլ է տալիս խուսափել «-սունկ» բաղադրիչի անընդհատ կրկնությունից՝ ստեղծելով ինքնուրույն և նկարագրական գոյականներ։ Անվանակոչման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ ցեղի կամ տեսակի դոմինանտ մորֆոլոգիական հատկանիշին։
4. Բառակազմական Գործիքակազմ
Հայերենի ճկունությունը թույլ է տալիս ստեղծել տաքսոնոմիական անկախություն ունեցող անվանումներ՝ օգտագործելով հետևյալ մասնիկները.
| Մասնիկ / Կաղապար | Գործառույթ | Օրինակներ |
| +ա+սունկ | Ցեղի ընդհանուր նույնականացում | Յուղասունկ, Աբեթասունկ |
| +ուկ, +իկ, +ակ | Գոյականակերտ, փոքրացուցիչ, մտերմիկ | Հովհարիկ, Շեկլիկ |
| +ավոր, +ոտ | Հատկանիշի առկայություն | Թեփուկավոր, Թավշոտ |
| +ակիր | Օրգանի առկայություն | Օղակակիր, Թագակիր |
| +անման | Համեմատական նմանություն | Մկնանման, Գավաթանման |
| +ատու | Նյութի արտադրություն | Կաթնատու, Լորձատու |
| +ավուն, +ագույն | Գունային երանգավորում | Դեղնավուն, Մանուշակագույն |
Ա. Կառուցվածքային և Դասակարգման Վերջածանցներ
- Ամենատարածված ու ընկալելի կառուցվածքային բանաձևը որևէ հատկանիշ +ա+սունկ բանաձևն է։ Կիրառվում է հիմնականում Ցեղի (Genus) ընդհանուր գիտական անվան համար (օրինակ՝ Քարասունկ): Այս բանաձևը միանշանակ հուշում է, որ գործ ունենք սնկի հետ, սակայն մեր խնդիրը հայերենի հարստացումն ու սնկերին տաքսոնոմիական անկախություն տալն է, ուստի անվանարկման այս պարզունակ ու ակնհյատ լուծումից առավելագույնս կխուսափենք։
- +ուկ, +իկ, +ակ գոյականակերտ և փոքրացուցիչ-փաղաքշական վերջածանցներով։ Ծառայում են հատկանիշ ցույց տվող բառերը (ածականները) ինքնուրույն գոյականների (սնկանունների) վերածելուն՝ առանց «սունկ» բառի պարտադիր կիրառման։ Կիրառելի են թե՛ Ցեղերի (Genera), թե՛ Տեսակների (Species) համար։ Իմաստային դաշտը.Չափային. Մատնանշում են սնկի փոքր կամ նուրբ կառուցվածքը: Ստեղծում են դրական, մտերմիկ և «անվտանգ» ընկալում, ինչը հատկապես կարևոր է ուտելի կամ հաճախ հանդիպող սնկերի համար։
Բ. Մորֆոլոգիական (Ձևի և Կառուցվածքի) Բնութագրիչներ
- +ավոր, +ոտ – Հատկանիշի առկայություն (օրինակ՝ Թեփուկավոր, Թավշոտ, Մազոտ):
- +ակիր – Հատուկ օրգան կրող (օրինակ՝ Օղակակիր, Թագակիր):
- +ագլուխ, +ագլխարկ – Գլխարկի ձևը կամ գույնը նկարագրող (օրինակ՝ Սևագլուխ):
- +ված – Վիճակ ցույց տվող հարակատար դերբայ (օրինակ՝ Գոտևորված, Մաշկազերծված):
- +անման – Արտահայտում է համեմատական բնութագիր՝ մատնանշելով սնկի արտաքին տեսքի կամ կառուցվածքի ակնհայտ նմանությունը որևէ առարկայի, կենդանու կամ այլ օրգանիզմի (օրինակ՝ Մկնանման, Սապատանման):
Գ. Գունային և Տեսողական Հատկանիշներ
- +ավուն – Գույնի երանգ կամ մոտավորություն (օրինակ՝ Դեղնավուն, Մոխրավուն):
- +ագույն – Հստակ, հագեցած գույն (օրինակ՝ Մանուշակագույն):
- խայտաբղետություն – Բազմագույն, բծավոր տեսակներ:
- +զօծ – Ոսկեգույնով պատված կամ փայլուն տեսակներ (օրինակ՝ Ոսկեզօծ):
Դ. Չափս, Դիրք և Ֆունկցիա
- Մեծ, Միջին, Փոքր, Ցածր, Բարձր – Հարաբերական չափսեր նույն ցեղի ներսում:
- Ուղիղ – Ոտիկի կամ աճի ձևը:
- Սովորական – Տվյալ ցեղի ամենատարածված ներկայացուցիչը:
- +ատու – Նյութ արտադրող (օրինակ՝ Կաթնատու):
- +ային – Պատկանելություն (օրինակ՝ Բուժային, Սալորային):
- +ադեղ – Դեղագործական նշանակություն:
5. «Ապագաղութացման» Զտիչ (Critical Filter)
Յուրաքանչյուր գոյություն ունեցող կամ առաջարկվող անվանում պետք է անցնի հետևյալ քննադատական վերլուծությամբ.
- Պատճենման ստուգում. Արդյո՞ք սա ռուսերեն «կալկա» է։ Եթե այո, ապա արդյո՞ք այն իմաստալից է հայերենի համար։
- Գիտական սխալի բացահայտում. Օրինակ՝ Сыроежка (Հում ուտելու ենթակա) անվանումը գիտականորեն սխալ է, քանի որ այդ սնկերը հում վիճակում ուտելի չեն։ Նման անունները ենթակա են անվերապահ փոփոխման։
- Տեղայնացման ստուգում. Արդյո՞ք անվան մեջ նշված ծառը կամ բույսը հանդիսանում է տվյալ սնկի հիմնական սիմբիոնտը Հայաստանում։
6. Որոշման Կայացման Ալգորիթմ (Scoring System)
Անվան հաստատման համար կիրառվում է հետևյալ կշռային համակարգը.
W = (H ⋅ 0.40) + (L ⋅ 0.25) + (E ⋅ 0.20) + (S ⋅ 0.15) – (R ⋅ 0.50)
Որտեղ՝
- H (Heritage): Բնիկ հայկական արմատի առկայություն։
- L (Latin): Լատիներեն բնագրի իմաստային ճշգրտություն։
- E (Ecology): Հայկական բնաշխարհին համապատասխանություն։
- S (Sound): Լեզվական բարեհնչություն և կիրառելիություն։
- R (Russicism): Ռուսաբանության գործակից (բացասական կշիռ)։
Այս մեթոդական ձեռնարկը հիմք է հանդիսանալու հայերեն սնկանունների առաջին գիտական բառարանի ստեղծման համար՝ ապահովելով մեր լեզվի անկախությունը և գիտական մտքի զարգացումը։