Ինձ համար՝ իբրև գրողի և անկախ սնկաբանի, այս նախագիծը սկսվեց լեզվական մի պարզ բացից. սնկերի հսկայական ու բազմազան թագավորության մասին հայերեն խոսելու համար մենք գրեթե չունեինք ձևավորված բառապաշար։ Հայերեն սնկանունները սակավաթիվ էին, հաճախ՝ պատահական կամ այլ լեզուներից ուղղակի փոխառված, իսկ բազմաթիվ ցեղեր ու տեսակներ առհասարակ հայերեն անուն չունեին։
Այդ բացը լրացնելու ցանկությունից ծնվեց snker.am-ը՝ Հայերեն սնկերի ուղեցույցը։ Սակայն աշխատանքի ընթացքում արագ պարզ դարձավ, որ հայերեն անունների ամբողջական և գիտականորեն հիմնավորված համակարգ հնարավոր չէ ստեղծել առանց նախ հասկանալու, թե ինչ սնկեր են առհասարակ հայտնի Հայաստանից, ինչ անուններով են դրանք տարբեր ժամանակներում գրանցվել և որն է դրանց արդի տաքսոնոմիական կարգավիճակը։
Այդ պատճառով նախագիծն աստիճանաբար վերածվեց ավելի լայն աշխատանքի՝ Հայաստանի սնկերի հնարավորինս ամբողջական, արդիական և աղբյուրներով հիմնավորված թվային շտեմարանի ստեղծման։
Շտեմարանում ի մի են բերվում Հայաստանի սնկաշխարհին վերաբերող գիտական հրապարակումներում, գրքերում, կատալոգներում և այլ աղբյուրներում փաստագրված տեսակները։ Հին ու հոմանիշ գիտական անունները կապվում են ներկայում ընդունված անվանումներին, ճշգրտվում է տեսակների տաքսոնոմիական դիրքը, և յուրաքանչյուր գրանցում հնարավորության սահմաններում կապվում է այն աղբյուրների հետ, որոնցով տվյալ տեսակի ներկայությունը Հայաստանում փաստագրված է։ Այսպիսով տարիների ու տասնամյակների ընթացքում տարբեր անուններով և տարբեր աշխատություններում ցրված տեղեկությունը փորձում եմ բերել մեկ փոխկապակցված ու շարունակաբար թարմացվող համակարգի մեջ։
Այս աշխատանքի մյուս առանցքը հայերեն սնկաբանական անվանաբանությունն է։ Ստեղծում և համակարգում եմ սնկերի հայերեն ցեղանուններ ու տեսականուններ՝ փորձելով դրանք կառուցել ոչ թե որպես օտար անունների մեխանիկական պատճեններ, այլ հայերենի բառակազմական հնարավորություններից, սնկերի բնորոշ հատկանիշներից և անվանակոչության տարբեր լեզուներում ձևավորված փորձից։ Միաժամանակ առանձնացվում և պահպանվում են արդեն իսկ հայկական աղբյուրներում վկայված տարածված անունները։
Գրական աղբյուրների ուսումնասիրությանը զուգահեռ շարունակվում է նաև դաշտային աշխատանքը։ Հայաստանում հայտնաբերած և լուսանկարած մակրոսնկերը նույնականացվում, դասակարգվում և ներառվում են Կարեն Անտաշյանի ֆունգարիումում։ Այդ հավաքածուն ոչ միայն պատկերային արխիվ է, այլ Հայաստանի սնկերի տարածվածության վերաբերյալ նոր փաստագրումների աղբյուր։ Դաշտային աշխատանքի ընթացքում հայտնաբերվել են նաև Հայաստանից նախկինում չգրանցված տեսակներ, իսկ առանձին գտածոներ առայժմ մնում են երկրից հայտնի եզակի գրանցումներ։
Այսպիսով snker.am-ը միաժամանակ Հայաստանի սնկերի շտեմարան է, տաքսոնոմիական անվանացուցակ, հայերեն սնկաբանական բառաստեղծման նախագիծ, աղբյուրների գրադարան, թվային ֆունգարիում և շարունակվող դաշտային հետազոտության հարթակ։ Այն ավարտված կատալոգ չէ. նոր աղբյուրների, տաքսոնոմիական փոփոխությունների և նոր դաշտային գտածոների հետ շտեմարանը շարունակաբար ճշգրտվում ու համալրվում է։
Այս աշխատանքն իրականացնում եմ անկախ նախաձեռնությամբ՝ համագործակցելով մասնագետների և հետազոտողների հետ։ Դրա նպատակը միայն անձնական հետաքրքրությունը չէ. ուզում եմ, որ Հայաստանի սնկերի մասին տարիներով կուտակված գիտելիքը դառնա հասանելի, ստուգելի, փոխկապակցված և հայերեն, իսկ մեր բնության այդ հսկայական, հաճախ անտեսված աշխարհը վերջապես ունենա իրեն արժանի լեզուն ու հիշողությունը։
Կարեն Անտաշյան
snker.am նախագծի հեղինակ
snker.am
«Հայաստանի սնկեր» նախագիծը շահույթ չհետապնդող, հետազոտական, տեղեկատվական, կրթական նախագիծ է։ Ձեր աջակցությունը կարող է նպաստել Հայաստանում սնկագիտության զարգացմանը։
